Վերջին շրջանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «հերթականությունը» խիստ դժգոհության առիթ է տվել ընդդիմադիր խմբակցություններին։ Բանն այն է, որ ՀՀԿ խմբակցության անդամներն իրենց գրավոր հարցերով սահմանված ժամանակը գրեթե ամբողջովին սպառում են, և ընդդիմության ներկայացուցիչները չեն կարողանում բանավոր հարցեր ուղղել կառավարությանը։ Իսկ այս վիճակը իշխանությունն արհեստականորեն ստեղծել է, քանի որ, ըստ կանոնակարգ-օրենքի, բանավոր հարցերն առաջինը ընդդիմադիր խմբակցությունների անդամները պիտի ուղղեին, նոր միայն ՀՀԿ-ն։ Այս դեպքում էլ ժամանակ չէր մնում իշխանությանը։ Այսինքն, ոչ վաղ անցյալում էլ ՀՀԿ-ն էր «տուժողի» վիճակում։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ։
-Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց բանավոր հարց տալու իրավունքից ընդդիմությանը զրկել։
-Երբ 2012-ին ձևավորվեց ԱԺ-ն, խորհրդարանում ընդամենը երկու ընդդիմադիր խմբակցություն կար։ Խորհրդարանական մեծամասնությունը որոշեց նրանց տրամադրել այդ «արտոնությունը», որպեսզի սկզբում հարց տալու հնարավորությունից օգտվեն ընդդիմության երեքական պատգամավորներ։ Սակայն այսօր իրավիճակը լիովին այլ է. խորհրդարանում միայն ՀՀԿ-ն է իշխանություն, մյուսները ընդդիմություն են։ Այսինքն, ստացվում է, որ եթե առաջնորդվենք նախկին սկզբունքով, իշխանական պատգամավորներին հարց հղելու ժամանակ չի մնա։ Այժմ, եթե հրատապ հարց է լինում, ՀՀԿ խմբակցության անդամները գրավոր են դիմում կառավարությանը։
-Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն այս կերպ փորձում է ընդդիմության սուր հարցերից զերծ պահել կառավարությանը։
-Բայց իրականությունն այլ է, շատ հաճախ ՀՀԿ խմբակցության անդամներն են կառավարությանը սուր հարցեր ուղղում։ Ի դեպ, ընդդիմադիրների սուր հարցերի համար միակ հարթակը հարցուպատասխանի ժամը չէ։ Կա հայտարարությունների ժամ, լրատվամիջոցների հետ աշխատանք և այլն։ Ես խնդիրը կդիտարկեի այլ հարթությունում. արդյոք չի՞ խախտվում նաև խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների հարց տալու իրավունքը։
-«Իրավիճակից» ելնելով՝ ԲՀԿ-ն փորձում է իշխանության ներկայացուցիչների հետ փակ հանդիպումներ անցկացնել ու իրենց հուզող հարցերն այդ կերպ ուղղել նրանց։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
-Դա ևս պատգամավորներին տրված «գործիք» է, որը կարող են լիարժեքորեն իրացնել։ Եթե ցանկությունը կա, հնարավորությունը կարելի է ստեղծել։
Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ